
«ՋԱԶԸ ՃԱԿԱՏՈՒՄ»
21.10.2020
Մեկնարկում ենք «ՋԱԶԸ ՃԱԿԱՏՈՒՄ» էսսեների շարքը, որոնց ընթացքում կներկայացնենք պատերազմական տարիներին երաժշտության և երաժիշտների դերն ու ավանդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Հայ և ոչ միայն հայ ջազային երաժիշտների ծավալած «երաժշտական պայքարի», կորուստների և ձեռքբերումների, պահպանված և մոռացված հիշողությունները:
Պատերզմում կռվում են բոլորը, յուրաքանչյուրն իր կերպ և իր զենքով. զինվորը՝ հրազենով, երաժիշտը՝ երաժշտությամբ:
Ինչպես հուշում է պատմությունը, Հայրենական պատերազմի տարիներին, ինչպես Խորհրդային այլ երկրնրների մի շարք նվագախմբերի, այնպես էլ Հայաստանի պետական ջազ նվագախումբի հիմնական նպատակն է դառնում ռազմաճակատում տեղի ունեցող անթիվ, անհամար շրջագայությունները: Այդ տարիների ընթացքում նվագախումբը ունենում է շուրջ մի քանի հազար համերգային ծրագրեր ճակատում և արժանանում մի շարք բարձրաստիճան կոչումների և շնորհակալագրերի:
«Հեյ, ջան, Երևան»
Առաջին պատմությունը անդրադառնում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի այցեքարտ դարձած, Արտեմի Այվազյանի հեղինակած «Հեյ, ջան, Երևան» ստեղծագործությանը: Թե ի՞նչ տեղ զբաղեցրեց այս երգը պատերազմի թոհուբոհով անցած մարդկանց սրտերում, կտեսնենք ստորև:
Անշուշտ, պատերազմը սարսափելի ֆենոմեն է, որը կարողանում է ազդել և վերափոխել անհատի, հասարակության կյանքի ամեն մի ոլորտ: Եթե կա պատերազմ, կա նաև խաղաղություն: Պատերազմը բռնության ակտ է, որը տալիս է վիշտ ու ցավ, կորուստ, պարտություն, բայց նաև հաղթանակ, ցնծություն, հուզմունք ու ապրելու կամք, որն էլ ծնում է այդ ապրելու երաժշտությունը:
Այս պատմությունը հիմնված է Ա. Այվազյանի ինքնակենսագրական հուշագրության վրա:
Պատում հ.1
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներ. ինչպես շատ նվագախմբեր, այնպես էլ Հայաստանի պետական ջազ նվագախումբը համերգներ է տալիս պատերազմական ճակատներում, մեկը մյուսի հետևից շրջագայելով ամենավտանգավոր պատերազմական կետերը:
Հերթական անգամ «Հայաստանի ջազը» պատրաստվում էր մեկնել ճակատ, այս անգամ պատերազմի ամենաթեժ կետ՝ Ուկրաինայի Կերչ ռազմական ճակատ, ոգեշնչելու և հոգևոր լիցքեր փոխանցելու խորհրդային զինվորներին:
Համերգային առաջին օրը սկսվեց վատ լուրով՝ պայթյունից մահացել էր Հայաստանի պետական ջազ նվագախմբում հանդես եկող Օրդոյան եղբայրներից մեկը:
Շուրջ երկու ամիս տևող համերգները, որոնք ոգևորում և հուսադրում էին զինվորներին, շատ կարևոր էին նրանց ռազմական ոգին պահպանելու համար: Երիտասարդ տղաներ, ովքեր ամիսներ շարունակ պայքարում էին հանուն հայրենիքի, զրկված էին կյանքի հաճույքներից, միակ ուրախության և հույսի աղբյուրն էին ուշ երեկոյան կայացող համերգները, որոնց ընթացքում փորձում էին մոռանալ օրվա դաժանությունները և լիցքավորվում էին նոր դրական հույսերով:
Նվագախմբի երկացանկից որոշ ստեղծագործություններ է՛լ ավելի մեծ ազդեցություն թողեցին մարդկանց վրա: Այդ կարևորներից էր «Հեյ, ջան, Երևան» երգը, որը զինվորներին մտովի տեղափոխում էր դեպի հայրենիք, դեպի ջերմ ու հարազատ Երևան:
Այս մասին Այվազյանը գրում է, թե վերջերս հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ մի բուժքույր՝ Լիդիա Նիկոլայեվնա Կարպովան, ով տպավորված իր հիշողություններով ասում է՝
— Ես շա՜տ բաներ եմ հանդիպել ճակատում, բայց ես երբեք չէի հանդիպել մահացող զինվորի, ով մահանում է երգելով: Եվ այդ երգը «Հեյ, ջան, Երևանն էր»:
Մեկ այլ անդրադարձ այս անգամ «Խորհրդային Հայաստանը» ամսագրում: Միսակ Օվակիմյանը, ով ևս զինվոր էր, ասում էր, թե հենց ա՛յս երգը շուրթերին էին նրանք կռիվ գնում:
Այնուհանդերձ, Այվազյանը գրում է, որ այս երգը, որը մեծ ոգևորող նշանակություն ունեցավ պատերազմական տարիներին, ապրում էր բանավոր կյանքով և տպագրվեց միայն քսան տարի հետո և նշում, որ շատ ուրախ է այդ կապակցությամբ:
«Հեյ, ջան, Երևանը» ապրում է անգամ մեր օրերում՝ մեծահասակներին տեղափոխելով իրենց երիտասարդություն, երիտասարդներին փոխանցելով «Հին Երևանի» շունչը: Կար ժամանակ, երբ ամեն մի պատուհանից, ամեն մի փողոցից լսվում էր այս երգը…
Շարունակելի….
Ռիմա Տիգրանյան
Լուսանկարը՝ ԳԱԹ, Հայաստանի պետական ջազ նվագախմբի արխիվից, հ. 116